29 մարտի 2007 - 14:19 AMT
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել թիվ 65 բանաձեւին, որը ներկայացրել էր սենատոր Ջո Բայդենը, որը դատապարտում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ կոչ է անում թուրքական կառավարությանը վերանայել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 28-ին: Սենատի հանձնաժողովի մարտի 6-ին կայացած վերջին նիստում քվեարկություն չեղավ, քանի որ սենատոր Ռիչարդ Լուգարը, որը ներկայացնում է Թուրքիայի շահերը, օգտվեց իր վետոի իրավունքից: Չնայած «ցեղասպանություն» տերմինը փաստաթղթից հանելու նրա փորձերին, ընդունված փաստաթղթում այնուամենայնիվ, ընդգծվում է, որ Դինքը հետապնդվել է Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Օրինագիծը դատապարտում է Դինքի սպանությունը որպես «վախկոտության ամոթալի գործողություն, որով անարգվել է օրենքը, իրավունքն ու պարկեշտությունը» եւ արժանին է հատուցում Դինքին ժողովրդավարական արժեքներին, խոսքի ազատությանը եւ հանդուրժողականությանը նվիրվածության համար: Հատկապես նշվում է, որ Դինքը դատապարտվել է 301-րդ հոդվածով նրա համար, որ 1915 թվականի հայերի զանգվածային բնաջնջումը Ցեղասպանություն է անվանել: «Մենք երախտապարտ ենք սենատոր Բայդենին այն բանի համար, որ նա հարգանքի տուրք մատուցեց Հրանտ Դինքի հիշատակին եւ կոչ արեց թուրքական կառավարությանը վերանայել 301-րդ հոդվածը, որով դատապարտվել էր լրագրողը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ընդունված բանաձեւը ուղղված տարբերակն է: Առաջին խմբագրության մեջ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում էր չորս անգամ եւ կոչ էր արվում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը եւ նորմալ հարաբերություններ հաստատել: ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ թուրքական կառավարությունը, չնայած ակտիվ լոբբիստական գործունեությանը, չկարողացան հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը չհիշատակվեր բանաձեւում:

Ավելի վաղ ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը հայտարարել էր, որ «Ցեղասպանություն» բառը բանաձեւի տեքստից հանելն անթույլատրելի է եւ անիմաստ է դարձնում այն: