ՀՀ նախագահը և ԵԱՀԿ նախագահը կարևորել են Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունների կատարումը

ՀՀ նախագահը և ԵԱՀԿ նախագահը կարևորել են Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունների կատարումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 29-ի երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ապրիլին ՀՀ նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար:

Փոխայցերի և երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար: Նախագահը գոհունակությամբ է խոսել արտգործնախարար Շտայնմայերի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին: Կարևորվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետևողական քայլերի իրագործումը՝ տևական խաղաղության և կայունության հասնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիությունհամագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, և կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»:

«Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---