ՀՀ-ն Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում. Կարող է Հարավային Օսիայով անցնել

ՀՀ-ն Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում. Կարող է Հարավային Օսիայով անցնել

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցում է Վրաստանի և Ռուսաստանի հետ Հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ, որն այլընտրանք կհանդիսանա Լարսի ճանապարհին: Այս մասին հայտնել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ճանապարհը լավ վիճակում է: Հայաստանից այս առումով շատ բան կախված չի, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական և ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք», - լրագրողներին ասել է Բեգլարյանը, հաղրոդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նախարարի, հավանականությունը, որ հարավօսական ճանապարհը կբացվի «հիսուն-հիսուն է»:

Բեգլարյանը նաև փոխանցել է, որ վրացական կողմը հավաստիացրել է, թե 10-14 օր անց Լարսի ճանապարհը կսկսի գործել:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Նույն օրը, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, թե ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ:

Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն:

Կարդացեք նաև՝ ՀՀ վարչապետը Լարսում ստեղծված իրավիճակի հարցով դիմել է Մեդվեդևին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---