2 հուլիսի 2016 - 10:29 AMT
Դաքքայի ռեստորաններից մեկում պահվող պատանդներն ազատվել են. Գրոհայինները՝ սպանվել

Բանգլադեշի անվտանգության ուժերը հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակել երկրի մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում պահվող առնվազն 13 պատանդի:

Զինված անձանց խումբը հարձակում էր գործել Դաքքայի ռեստորաններից մեկի վրա, որոշ աղբյուրների համաձայն՝ սրճարանի վրա։ Հաստատությունը գտնվում է շրջանում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանությունները։ Զինված անձինք ներխուժել են ռեստորան և կրակ բացել։Հարձակման ժամանակ սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 40 մարդ։

Ըստ տեղեկության՝ գործողության ընթացքում սպանվել է 6 գրոհային։ Ավելի վաղ նշվում էր 18 մարդու ազատ արձակման մասին։

Բանգլադեշի իշխանություններից պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել, ՏԱՍՍ գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Պատանդների ազատ արձակման գործողությունը, որը սկսվել էր երևանյան ժամանակով առավոտյան ժամը 6-ին, ավարտվել է։

«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը ստանձնել է պատասխանատվությունը: