ԱԳՆ. Բաքուն արգելափակում է ԵԱՀԿ նախագահության առաջարկը գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին

ԱԳՆ. Բաքուն արգելափակում է ԵԱՀԿ նախագահության առաջարկը գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին

PanARMENIAN.Net - Ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, հատկապես այն հակամարտությունների համատեքստում, որոնց կարգավորման շուրջ ընթանում են համաձայնեցված ձևաչափով բանակցություններ։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով հունիսի 28-ից 30-ը Վիեննայում անցկացված ԵԱՀԿ 2016թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է, և որ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից ստանձնած հանձնառություններն ու սկզբունքները չպետք է դառնան տարընթերցման առարկա, այլ պետք է լիարժեքորեն իրականացվեն: Որպես առաջնային սկզբունք առանձնացվել է ուժի չկիրառումը, որի վրա էլ խարսխված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Կարևորվել է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշվեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն վկայում խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու և ուժի հետագա կիրառումը բացառելու Ադրբեջանի մտադրության մասին:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների իրավիճակների անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանում՝ Աշոտ Հովակիմյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար:

Փոխնախարարը կարևորել է Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է արգելափակում ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջարկությունն՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Աշոտ Հովակիմյանն իր խոսքում ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախօրեին շփման գծի մոտակայքում Ադրբեջանի կողմից առանց նախնական ծանուցման մեծածավալ զորավարժությունների անցկացումը կասկածի տակ է դնում անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը:

Ընթերցեք նաև. Սարգսանն ու Քերին քննարկել են Վիենայում ու Պետերբուրգում կայացած ղարաբաղյան խնդրի շուրջ հանդիպումները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---