
ԼՂՀ ՊԲ գումարտակների և դիվիզիոնի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում անց են կացվել հրամանատարական հավաքներ:
Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը՝ վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Դասախոսությունների, սեմինարի, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան դիմակայության դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար, հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:
Պաշտպանության բանակի գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում հարձակողական թեմատիկայով զորավարժություն են անցկացրել: Զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ, հայտնել է razm.info-ն: Զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններից մոտոհրաձգային ստորաբաժանումն անցել է հարձակման և ջախջախել է թշնամու հիմնական ուժերը դասակների հենակետերում: Այնուհետև ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի հակագրոհը և վերականգնել է առաջնագիծը: