7 հուլիսի 2016 - 11:03 AMT
Մոսկվայից դեպի Երևան ավիատոմսերի գները նվազել են գրեթե 6%-ով

Ռուս զբոսաշրջիկների շրջանում մերձավոր երկրներից ամենապահանջվածներն են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ղրղզստանը և Ադրբեջանը: Այդ մասին հայտնում են Tutu.ru կայքի փորձագետները, որոնք վերլուծել են դեպի մերձավոր արտերկիր կայքում գնված ավիատոմսերը:

Ըստ 2016-ի հուլիսի տվյալների, 2015-ի հուլիսի համեմատ ավելի քան 2 անգամ աճել է կայքում դեպի Երևան, Բաթում և Բաքու գնված տոմսերի քանակը` թռիչքը Մոսկվայից: Դեպի Երևան ավիատոմսի միջին գինը նվազել է գրեթե 6 տոկոսով` 2015-ի հուլիսի համեմատ (9330 ռուբլուց նվազելով մինչև 8792 ռուբլի): Մոսկվա-Բաթում ավիատոմսերի գներն աճել են միջինը 12 տոկոսով (10.472 ռուբլուց նվազելով մինչև 11 717 ռուբլի), գրում է Travel.rambler.ru-ն:

Հուլիսին ամենաբյուջետային ավիատոմսերը ՌԴ-ից կլինեն դեպի Բելառուս, Մոլդովա և Ադրբեջան: Ավիատոմսերը դեպի Ուկրաինա, հակառակը, թանկացել են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը գրեթե կրկնապատկել է ՌԴ-ից Հայաստան ավիատոմսերի գները` օգտվելով այն առիթից, որ Վերին Լարսի անցակետը փակ է: