7 հուլիսի 2016 - 13:22 AMT
ԱՆ. 54 դեղից 31-ի գները նվազել են, 23-ինը՝ բարձրացել

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը դեղերի մանրածախ գների մշտադիտարկում է իրականացրել:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 6-ի դրությամբ` հունիսի համեմատությամբ, մանրածախ թվով 54 լայն սպառում ունեցող դեղից 31-ի գները նվազել են 2.5 տոկոսով, իսկ 23-ի գները բարձրացել են 2.1 տոկոսով, տեղեկացնում է նախարարությունը:

Նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները:

Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:

Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները:

Հետևելով նախարարի հորդորին` «Տակեդա» դեղագործական կազմակերպությունը 60 դեղի գին իջեցրել է: Մասնավորապես, Ակտովեգին դեղամիջոցների խումբն էժանացել է 19-20%-ով, Կալցիում Դ3 դեղամիջոցների խումբը՝ 9.6-11%-ով, Վարֆարինը՝ 6.6-19%-ով, Կարդիոմագնիլը՝ 9.6-10%-ով, Նազիվինը՝ 11.7-11.9%-ով, Էութիրoքսը՝ մոտ 11%-ով, Կոնկորը՝ 1.7-13.3%-ով:

Կարդացեք նաև՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է դեղերի շուկան. Թանկացումներ կան

Փոխնախարար. ՀՀ-ում դեղերի 95%-ը ներմուծվում է արտերկրից