3 ապրիլի 2007 - 14:25 AMT
Վ.Օսկանյան. Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի այցը
Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման բարձր մակարդակի այցերը անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների վերընթաց տեմպերը պահպանելու համար: «Այցի կարեւորությունը մեզ համար նաեւ պայմանավորված է մեր տարածաշրջանում, անմիջական հարեւանության եւ գլոբալ մակարդակում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման հետ անմիջականորեն ծանոթանալու հնարավորությամբ: Ես համոզված եմ, որ օգտակար մտքերի փոխանակում կլինի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, Կոսովոյի հիմնահարցի, ռուս-վրացական հարաբերությունների, միջազգային կարեւորագույն կազմակերպություններում ընթացող բարեփոխումների եւ այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար:

Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը նկատել է նաեւ, որ Լավրովի այցը համընկնում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի հետ: «Այն հնարավորություն կտա մեզ գնահատելու անցած ճանապարհը եւ ծրագրելու հետագա անելիքները»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը:

«Իրոք, երկկողմ հարաբերությունները խորքային են եւ օրակարգը` ծավալուն, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: Այցի ընթացքում քննարկելու ենք այս բոլոր հարցերը` շեշտը դնելով անվտանգության, տրանսպորտի, էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերին: Հանդիպումների առանցքում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,-ասել է Վ.Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: