3 ապրիլի 2007 - 15:02 AMT
Ապրիլի 5-ին կանցկացվի նավահանգիստ Կովկաս-Փոթի լաստանավային հաղորդակցության փորձարկում
Կովկաս (Ռուսաստան)-Փոթի (Վրաստան) ուղղությամբ առաջին լաստանավի փորձակումը տեղի կունենա մոտակա երկու օրում: Նախատեսվում է, որ լաստանավը Փոթի կժամանի Կովկաս նավահանգստից ապրիլի 5-ի ուշ երեկոյան կամ ապրիլի 6-ի առավոտյան: Հիմնական փորձակումները կապված են լաստանավի եւ Փոթի նավահանգստի կամրջակի կցման հետ: Եթե փորձարկումը հաջող անցնի, լաստանավային հաղորդակցությունն ամբողջ ծավալով կգործարկվի արդեն հաջորդ շաբաթ: Նշենք, որ լաստանավային հաղորդակցության բացումը նախատեսված էր մարտի կեսին, սակայն տեխնիկական պատճառներով այն տեղափոխվեց: Լաստանավի սեփականատեր, «Ռեզերվ կապիտալ կորպորեյշն»-ի նախագահ Խակիմ Մատչանովը փետրվարի կեսին Երեւանում հայտարարել էր թե լաստանավը ջրի վրա կիջեցվի մարտի 1-ին, իսկ շահագործումը կսկսվի մարտի 15-ից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Նավահանգիստ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցության մեջ կգործարկվի երկու լաստանավ, որոնք երթեր կկատարեն շաբաթական երկու անգամ: Լաստանավի տարողությունը կազմում է 50 վագոն, սակայն կարելի է բարձել նաեւ 340 կոնտեյներ կամ 86 ավտոմեքենա: 150 մ երկարությամբ եւ 22 մ լայնությամբ մեկտախտակամածանոց լաստանավի բեռնման տեւողությունը ընդամենը մեկ ժամ է կազմում, այն դեպքում, երբ մյուս լաստանավերի բեռնումը տեւում է 8-12 ժամ: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ընկերության լաստանավերով փոխադրել 120 հազար տոննա բեռ, որ ներկրում է Հայաստանը եւ 12 հազար տոննա հայկական արտահանման հոսքից: