Աշտարակի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել են

Աշտարակի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները վերականգնվել են

PanARMENIAN.Net - 2016 թվականի մայիսին մեկնարկած ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներն ավարտվել են:

Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, աշխատանքներն իրականացվել են Իտալիայում բնակվող վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի և որմնանկարների վերականգնման մասնագետ Քրիստին Լամուղէի անմիջական մասնակցությամբ և միջոցներով:

Կատարված աշխատանքների արդյունքում Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցու ներսում տեսանելի են տասը սրբապատկերներ, որոնք վկայում են VII դարի հայկական որմնանկարչության բարձր արվեստի մասին: Եկեղեցու արևմտյան թաղակապի հյուսիսային հատվածում՝ խաչթևին պատկերված է Սբ Գևորգ զորավարը՝ ձիու վրա նստած, թուրը պատրաստ հարվածին, իսկ արևմտյան թևի հարավային կողմում պատկերված է ձիուն նստած Սբ Սարգիս զորավարը՝ մանուկը գրկին և նետը ձեռքին: Ավագ խորանի որմնանկարների շարքը երկրաչափական է, որը որմնագիր նախշի միջոցով նկարազարդ քիվը բաժանում է երկու մասի: Քիվից ներքև՝ ավագ խորանի լուսամուտի աջ կողմում, հայտնաբերվել են երեք սրբապատկերներ, իսկ ձախում՝ երկուսը: Գմբեթարդի կենտրոնական հատվածում «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանն է, որի երկու կողմերում մեկական քառաթև քերովբեներ են պատկերված: Գմբեթարդի հյուսիսային կամարակապին պատկերված են Մարիամ Աստվածածնի, իսկ հարավային կամարակապին՝ Սբ Հովհաննես Մկրտչի նրբագեղ որմնապատկերները: Սվաղի քայքայման և թափման հետևանքով բոլոր որմնապատկերների դեմքերի և ձեռքերի հատվածները ժամանակի ընթացքում կորցրել են նրբերանգները և ներկայումս մեծամասամբ սև ու սպիտակ երանգներով են: Այսուհետ, Կարմրավոր Սբ Աստվածածին եկեղեցի այցելած բոլոր հավատացյալները, ուխտավորները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել ոչ միայն հայկական ճարտարապետության խոյակերտ գոհարներից մեկը, այլ նաև հիանալ վաղ միջնադարի հայկական որմնանկարչության վառ օրինակներից մեկով: Որմնանկարների հետագա պահպանման ապահովության համար մոմավառությունը նախատեսվում է կազմակերպել եկեղեցուց դուրս:

Կարմրավոր Սբ. Աստվածածինը կառուցվել է 7-րդ դարում, հայկական եզակի կղմինդրե տանիքով եկեղեցիներից է:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» պետական բյուջեի ծրագրով առաջիկայում կիրականացնի նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման և նորոգման գիտանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---