8 հուլիսի 2016 - 12:40 AMT
Կրակոցներ ամերիկյան Դալասում. 5 ոստիկան է սպանվել

Ամերիկյան Դալասում անկարգությունների ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ` 5 ոստիկան զոհվել է, ևս 11 մարդ վիրավորվել: Ոստիկանները ձերբակալել են 3 կասկածյալի, որոնցից մեկը կին է:

Բողոքի ակցիաները Դալասում սկսվեցին ոստիկանների կողմից երկու սևամորթների սպանությունից հետո: Հուլիսի լույս 5-ի գիշերը Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 2 ոստիկան գետին է տապալել սևամորթ տղամարդուն, որից հետո ոստիկաններից մեկը գնդակահարել է նրան: Հուլիսի 6-ին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Մինեսոթա նահանգի Ֆոլքոն Հայթս քաղաքում:

Ըստ ոստիկանության պետ Դևիդ Բրաունի, հանցագործները նպատակադրված թիրախավորում էին ոստիկաններին: «Նրանք կրակում էին բարձունքներից: Հավանաբար, նրանք պլանավորել էին դա նախապես և մտադիր էին որքան հնարավոր է շատ ոստիկան սպանել»,-ասել է Դալասի ոստիկանապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, այժմ կասկածյալները հարցաքննվում են: Ոստիկանները ենթադրում են, որ կրակողները եղել են 4-ը, այժմ 4-րդ ոճրագործին են որոնում:

Մինչդեռ, ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը սահմանափակել է թռիչքները Դալասի օդում: Միայն ոստիկանության ինքնաթիռները կարող են օդ բարձրանալ: