
Ինչպես հայտնի է, ամերիկյան GK Brand ընկերությունը 2014-ից աշխատում է Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վրա:
Ընկերության գործադիր տնօրեն և բրենդային հարցերով մասնագետ Վազգեն Քալայջյանը հուլիսի 6-ին LinkedIn սոցցանցի իր էջում ներկայացրել է Հայաստանի «Հավերժական արև» տարբերանշանը՝ գործակալության կողմից մշակված:

Տարբերանշանն իրենից ներկայացնում է բացվող ծաղիկ, որի թերթիկները տարածված են 8 կողմի վրա՝ արևի շողերին նմանվելով, որպես Հայաստանի հավերժության խորհրդանիշ: Տարբերանշանը ներառում է եռագույն դրոշի գույները: Չորրորդ գույնը՝ մուգ կարմիրն է՝ նռան գույնը։

Խորհրդանշի կենտրոնից դուրս տարածվող կետերը խորհրդանշում են սփյուռքը։ Տարբերանշանի տարրերից են նաև քարերը, քանի որ Հայաստանը քարերի և լեռների երկիր է:
2014-ի փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր:
Նախատեսվում է, որ ազգային բրենդի մշակման համար կպահանջվի մոտ 400.000 դոլար, որից 150.000 դոլարը (62 մլն դրամ) հատկացվել է պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեն այլ աղբյուրներից: