Կարկուտից տուժել են Արագածոտնի պտղատու այգիները, վնասվել են Կոտայքի և Լոռու հողատարածքները

Կարկուտից տուժել են Արագածոտնի պտղատու այգիները, վնասվել են Կոտայքի և Լոռու հողատարածքները

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:

Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:

Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը:

Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ: Կարկուտը վնասներ է պատճառել նաև Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում: Վնասի չափերը որոշելու համար հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---