Վրաստանի նորակառույց Black Sea Arena-ում ելույթ կունենան Քրիստինա Ագիլերան, Վանեսա Մեյն ու Scorpions-ը

Վրաստանի նորակառույց Black Sea Arena-ում ելույթ կունենան Քրիստինա Ագիլերան, Վանեսա Մեյն ու Scorpions-ը

PanARMENIAN.Net - Վրաստանի ծովափնյա Շևկեթելի ավանում հուլիսի 20-ին Քրիստինա Ագիլերայի համերգով կբացվի նորակառույց Black Sea Arena համերգասրահը:

Ամառային ամիսներին համերգասրահում հանդես կգան նաև հայտնի ջութակահար Վանեսա Մեյն ու Scorpions խումբը:

200 մլն լարի ($85,5 մլն) արժողությամբ համերգասրահը կառուցել է միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հուլիսի 10-ին տեղի է ունեցել համերգասրահի հանդիսավոր փոխանցումը պետությանը: Արարողությանը ներկա էր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Գործնականում, սա տարածաշրջանի զարգացման նախագիծ է: Սա շատ կարևոր է առափնյա շրջանների համար և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կխթանի բիզնեսի զարգացումը: Միայն շինարարության համար ներգրավվել է ավելի քան 600 մարդ»,-նշել է վարչապետը:

Օբյեկտը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, հագեցած է արդիական տեխնիկայով, նախատեսված է 10.000 հանդիսատեսի համար: Նախագիծը կատարել է գերմանական Drei Architekten ընկերությունը: Նոր համերգասրահի հարևանությամբ կառուցվում է 7-աստղանի հյուրանոց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---