
Ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է: Այդ մասին հուլիսի 11-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ հակամարտության փաթեթային կարգավորման պայմանավորվածության մասին: Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: «Նախագահները եռակողմ հայտարարություն են ընդունել, որտեղ հաստատել են Վիենայում հանդիպման արդյունքները...», - ասել է Զախարովան:
Մամեդովն ասել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:
«Վերջին 3-4 ամսում չտեսնված ակտիվություն է նկատվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է»,-ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:
Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Ընթերցեք նաև.ՀՀ նախագահ. Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը