Հայաստանում պարապլանային մրցումներ են մեկնարկում

Հայաստանում պարապլանային մրցումներ են մեկնարկում

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-19-ը Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենան Պարապլանային թռիչքների միջազգային մրցումներ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ըստ նրա, հնարավոր է, 2017-ին Հայաստանում կայանան Աշխարհի գավաթի մրցումները: «Մենք նախատեսում ենք Աշխարհի գավաք անցկացնել հաջորդ տարի, իսկ այս մրցաշարը դրան է նախորդում, ուստի պետք է անթերի անցնի»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ աշխարհում տարեկան գավաթի 5 մրցում է անցկացվում, որոնց արդյունքում հայտնի է դառնում հաղթողը:

Ըստ նրա, Հայաստանը շատ բարենպաստ երկիր է այս մարզաձևի համար: «Լեռները, եղանակը` տարվա մեջ 300 արևային օր, հիանալի պայմաններ են ստեղծում թռիչքների համար»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ մրցումներն անցնելու են Թեղենիս լեռան գագաթին, Բուժական գյուղի շրջակայքում: «2016-ին մասնակցել ցանկացողների թիվը հասնում էր 180-ի: Մարզիկներ կժամանեն աշխարհի 24 երկրից, այդ թվում Ավստրալիայից, Չեխիայից, Ավստրիայից, Նոր Զելանդիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, ինչպես նաև Թուրքիայից: Մենք ընտրել են 150 մասնակցի»,-ասել է կազմակերպիչը:

Նա հայտնել է, որ մրցումներից հետո կարող են իրենց ուժերը փորձել մոտ 60 «ֆրիֆլայերներ», որոնք հատուկ այդ նպատակով են ժամանել Հայաստան: Ֆեդերացիայի նպատակներից մեկը Հայաստանն ավելի ճանաչված դարձնելն է պարապլաներային սպորտի տեսակետից:

Սարգսյանն ասել է, որ այս մարզաձևով կարող են զբաղվել բոլոր ցանկացողները, քանի որ պարապլանն ավելի մատչելի է գնով, քան թռիչքների համար նախատեսված մյուս սարքերը, իսկ ուսուցումն ընդամենը 2 ամիս է տևում: Էկոնոմիկայի նախարարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն իր հերթին կարևորել է նման միջոցառումների անցկացումը երկրում էքստրեմալ տուրիզմի զարգացման համար: «Նախաձեռնությանը չէր կարելի չաջակցել: Նման միջոցառումների շնորհիվ աճում է զբոսաշրջիկների քանակը»,-ասել է նա: Ապրեսյանը նշել է նաև, որ 2016-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվը աճել է 8.6%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2015-ին մրցումներն անցել են Ծովագյուղի տարածքում, մասնակցել են մարզիկներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ՌԴ-ից, Թուրքիայից, Իրանից և Մոնղոլիայից:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---