31 հոկտեմբերի 2002 - 21:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՎԵՐՍԿՍԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ ՄԻՆՉԵՎ ՉՄԱՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏՔԸ
Հայաստանը չի վերսկսի էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան, մինչեւ չմարվի նախկինում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել «Հայէներգո» ընկերության պայմանագրային բաժնում: Աղբյուրի համաձայն, անցյալ տարվա սկզբից էլեկտրաէներգիա է մատակարարվել Վրաստանի հայաբնակ շրջաններ` Ախալքալաք եւ Բոգդանովկա: Սակայն ընթացիկ տարվա կեսից պարտքերի պատճառով, որի գումարը կազմում է մոտ 100 հազար դոլար, Հայաստանը դադարեցրել էր էներգամատակարարումը, թեեւ հոկտեմբերի կեսին Վրաստանը մարել է պարտքի շուրջ 10 տոկոսը: Ինչպես նշել են «Հայէներգո»-յում, ներկայումս Վրաստանը էլեկտրաէներգիայի պակաս չի զգում, քանի որ օգտագործում է սեփական հիդրոպաշարները: Սակայն մասնագետները այնուամենայնիվ կանխատեսում են էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ձմռան ամիսներին: