Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել. ՀՀ դեսպանատունը հետևում է զարգացումներին

Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել. ՀՀ դեսպանատունը հետևում է զարգացումներին

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի:

Մահվան հանգամանքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով, մայրը և ավագ դուստրերը՝ Արմինեն և Ասյան մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետևանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան խեղդամահ է եղել:

Դեպքի վայրում հուլիսի 10-ին աշխատել են քրեագետ-փորձագետները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական վարկած չի հրապարակել և չի հայտնել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է գործ հարուցվել, գրում է Hetq.am-ը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

Սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է, նա նույն գյուղի բնակիչ է, գրում է Jnews.ge-ը:

Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և հետևում է զարգացումներին:

Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---