Ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցություն կցուցաբերվի

Ապրիլյան պատերազմին մասնակցած  զինծառայողներին հոգեբանական աջակցություն կցուցաբերվի

PanARMENIAN.Net - Հայկական հոգեբուժական ասոցիացիան պատրաստակամ է մարտական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին ապահովել անվճար հոգեբանական օգնությունով: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

«Հիմա, երբ զորացրվում են մարտական գործողություններին մասնակցած զինծառայողները, մենք պատրաստակամ ենք նրանց տրամադրել անվճար հոգեբանական աջակցություն՝ մեզ հետ համագործակցող մասնավոր կազմակերպությունների միջոցով: Մենք սա բարեգործություն չենք համարում, պարզապես ցանկանում ենք օգտակար լինել մեր զինծառայողներին»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Հոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպություններն են՝«Ինթրա» հոգեկան առողջության և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, Արցախում էլ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը:

Սողոյանը տեղեկացրել է, որ ապրիլի 5-ին ասոցիացիան նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին: Արդյունքում, ըստ Արմեն Սողոյանի, Հայստանում հոգեբանական աջակցություն է տրամադրվել 94, իսկ Արցախում՝ 121 քաղաքացու:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշել է, որ արցախյան վերջին իրադարձությունների հաջորդած կարելի է բաժանել փուլերի. «հերոսական փուլը, որը սովորաբար տևում է մեկ ամիս կամ 40 օր, ավարտված է»:

«Այդ փուլում որպես կանոն մարդիկ սիրում են իրար օգնել, երկրորդ պլան է մղվում մարդու սեփական շահը և բանակի, ազգի, ընդհանուր շահն առաջնահերթ է: Սակայն դրանից հետո սկսվում է երկրորդ փուլը, որի ժամանակ յուրաքանչյուր մարդ սկսում է ավելի խորությամբ դառնալ սեփական շահի պաշտպանը: Հիմա մենք թևակոխել ենք մի փուլ, որ եսակենտրոնությունն է»,- ասել է նա:

Խաչատուր Գասպարյանը, անդրադառնալով հոգեբանական խնդիրներին, նշեց, որ հոգեբանական տրավմաները սովորաբար անմիջապես գլուխ չեն բարձրացնում, երբեմն բավական ժամանակ է պետք:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---