Էրդողանը Մերկելից պահանջում է Ցեղասպանության բանաձևի մասին հայտարարություն անել

Էրդողանը  Մերկելից պահանջում է Ցեղասպանության բանաձևի մասին հայտարարություն անել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է:

Մերկելի և Էրդողանի երկխոսությունը կայացել է hուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների գագաթնաժողովի շրջանակներում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը, գրում է Ermenihaber.am-ը:

Նման պահանջ ներկայացնելու համար Էրդողանը որպես հիմք է ընդունում այն հանգամանքը, որ կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը և որոշ այլ պաշտոնյաներ հունիսի 2-ին ներկա չեն եղել Ցեղասպանության բանաձևի քվեարկությանը:

Թեմային անդրադարձած գերմանական Spiegel Online լրատվակայքը Էրդողանի նման պահանջի իրագործումը անհնար է համարել, քանի որ այդ դեպքում Մերկելը, փաստորեն, պիտի դեմ դուրս գա ամբողջ Բունդեսթագին:

Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ) հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Այնուամենայնիվ, Գերմանիան շարունակում է համառորեն այցելության թույլտվություն պահանջել և միակողմանի որոշում է կայացրել սեպտեմբերի 17-ին Ինջիրլիք այցելելու մասին: Գերմանական կողմը սպառնացել է, որ եթե իրենք այս անգամ էլ այցելության թույլտվություն չստանան, ապա Գերմանիան դեմ կքվեարկեն AWACS հետախուզական ինքնաթիռների՝ Թուրքիա ուղարկվելու նախագծին: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է նշյալ ինքնաթիռները Ինջիրլիքի ռազմաբազա ուղարկել ամռան վերջին:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---