ԱԳ նախարար. Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը

ԱԳ նախարար. Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է համակցված փոխադրումների շրջանակում, այսպես կոչված, չոր նավահանգիստների հայեցակարգի իրականացումը: Հայաստանը, հետևողական լինելով տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված նպատակների կյանքի կոչման հարցում, շարունակել է իր ջանքերը՝ ուղղված անդամ պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 34-րդ նիստում ունեցած ելույթում:

Նա նշել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային համակարգերի համատեքստում Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏԿՀ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու՝ կազմակերպության ոլորտային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի հետ սահման դուրսբերման օգտին: «Մենք նաև աջակցում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են համակցված բեռնափոխադրող և ուղևորային լաստանավային գծերի զարգացմանը»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ հայ մասնագետներն իրենց գործնական ներդրումն են ունեցել ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների` միջազգային շուկաներ դուրս գալու ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի խթանման, առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման գործում:

«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ապահովման նպատակով համագործակցության» հուշագրի ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել կոնսենսուսի հասնել «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության» համաձայնագրի նախագծի շուրջ:

Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին»,-ասել է Նալբանդյանը: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին:

Նա նշել է, որ Հայաստանը հուսով է, որ ազգային վիճակագրական գործակալությունների ղեկավարների հանդիպման արդյունքները նոր լիցք կհաղորդեն համագործակցությանը նաև այս կարևոր ոլորտում:

«Հայաստանը հանդես է գալիս միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության սերտացման, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդման օգտին:

Անշուշտ, այս համագործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և կազմակերպության այլ հիմնարար փաստաթղթերի դրույթներին համապատասխան: Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ-ի քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։

Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները»,-ասել է Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,-հայտարարել է ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Մշտական միջազգային քարտուղարության գործունեության հարցերը տևական ժամանակ է, ինչ ներառված են կազմակերպության օրակարգում: «Այսօր այդ հարցը ձեռք է բերում հատուկ նշանակություն` հաշվի առնելով ՍԾՏՀԿ հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ողջ ներուժի կիրառումը կբացառի կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը»,-ասել է արտգործնախարարը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Ռոուհանին կարևորել էր երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու նշել, որ համատեղ նախագծերի վերաբերյալ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի որոշումները պետք է կյանքի կոչվեն:

«Իսլամական հանրապետությունը և Հայաստանը պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն` ակտիվացնելու համար երկկողմ հարաբերությունները»,-ասել է նա: Իրանի նախագահը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո ուղիներ են նախանշվում տնտեսական համագործակցության ակտիվացման համար, և հավելել է, որ կողմերը «պետք է ջանք չխնայեն Պարսից ծոցն ու Սև ծովն իրար կապելու համար»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---