ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, սակայն այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ, դեսպան Իգոր Պոպովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համանախագահների նախորդ այցը Բաքու, Երևան և Ստեփանակերտ տեղի է ունեցել ապրիլյան ռազմական գործողություններից անմիջապես հետո` մեկնարկելով ապրիլի 5-ին:

«Բնականաբար, մենք մեկնելու ենք տարածաշրջան, սակայն, նոր այցելության ամսաթիվը դեռ համաձայնեցվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար կլինի` հաշվի առնելով նրանց աշխատանքային ժամանակացույցը»,-ասել է Պոպովը: Ըստ նրա, հուլիսի 11-ին Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ անդամների հերթական հանդիպումը` ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

«Ընդհանուր առմամբ հանդիպումը նվիրված էր վերջին միջնորդական ջանքերի գնահատմանը, որոնք ձեռնարկում են համանախագահ երկրները, և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման արդյունքներին: Իմ գործընկերները` ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պատմել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Օլանդի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է կառուցենք մեր հետագա միջնորդական աշխատանքը»,-ասել է Պոպովը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---