12 հուլիսի 2016 - 12:30 AMT
Հռոմի պապը Բաքվում կանդրադառնա Ղարաբաղի հիմնախնդրին

Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը հուլիսի 11-ին հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Վրաստան և Ադրբեջան կատարելիք առաջիկա այցի ծրագիրը, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը:

Թբիլիսի երկօրյա այցի ընթացքում քահանայապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, տեղի ասորաքաղքեդոնական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Հոկտեմբերի 1-ին քահանայապետը պատարագ կմատուցի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, իսկ ավելի ուշ կայցելի Վրաստանի հոգևոր կենտրոններից մեկը` Մցխեթայի Սվետիցխովելի մայր տաճար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմեկնի Բաքու` այցը կսկսի պատարագից Բաքվի Սբ Մարիամ եկեղեցում: Հետո նախատեսված են Հռոմի պապի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, ակնկալվում է, որ Ֆրանցիսկոսը կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտությունը: Նույն օրը երեկոյան Հռոմի պապը կվերադառնա Վատիկան:

Հունիսի 24-26ը տեղի ունեցավ Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան:

Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապը Երևանում ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ»: «Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում»,-ասել է նա:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը