ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում, աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ, մասնակցեց Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Նա նշել է, որ տեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին եւ հույս հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, Հայաստանի եւ Հյուսիս-Անտլանտյան դաշինքի հարաբերությունները կշարունակվեն անշեղորեն զարգանալ:



Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն իր հերթին նշել է. «Այսօր Անհատական գործընկերության ծրագրի առաջին տարեդարձն է: Մենք կատարեցինք առաջին գնահատումը, որը դրական էր, ինչն ընդգծեցին նաեւ անդամ երկները: Մենք քննարկեցինք պաշտպանական բարեփոխումների, ազգային անվտանգության ռազմավարության, փոխգործակցության խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, մասնավորապես, այս պահին Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Հույս ունենք, որ այս դրական ընթացքը կշարունակվի եւ մենք կկարողանանք զարգացնել համագործակցությունը: Դա Հյուսիս-Ատլանտյան խորհրդում դեսպանների հնչեցրած տեսակետն է»:



Սերժ Սարգսյանը նշեց, որ դիտորդների կարծիքը շատ կարեւոր է եւ ուրախալի է, որ կողմերը միակարծիք են: Հայաստանը ժամանակին եւ որակով է իրականացրել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները: «Անշուշտ, անվտանգության գլխավոր երաշխավորը մեր մարտունակ բանակն է, զինված ուժերը եւ, այս բաղադրիչներին զուդահեռ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եւ ՀԱՊԿ անդամակցությունը ամբողջականացնում են մեր անվտանգության համակարգը»:



Հաջորդ նմանատիպ գնահատումը նախատեսվում է անցկացնել մեկ տարուց:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---