Գյուղոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու

Գյուղոլորտում ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու

PanARMENIAN.Net - Ցրտահարությունների, կարկտահարությունների, սելավների հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Տարվա կեսին գյուղացիներից շատերը փաստի առաջ են կանգնում: Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ:

«2013-ին միայն կարկտահարության վնասը՝ 25.3 մլրդ դրամ, 2014-ի ցրտահարության հետևանքով վնասը կազմում էր ավելի քան 11 մլրդ դրամ», - ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը, գրում է Panorama.am-ը:

Նա հայտնել է, որ ոլորտում ապահովագրության ներդրման նպատակով արդեն մի քանի տարի քննարկումներ, հետազոտություններ են իրականացվում, միջազգային փորձն են ուսումնասիրում: Նախ որոշել են ապահովագրություն իրականացնել անասնապահության ոլորտում՝ ապահովագրելով խոշոր եղջերավոր անասուններին: Սակայն նախարարության ու ԿԲ համատեղ նոր ու ավելի խոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապահովագրության ներդրման անհրաժեշտություն առաջին հերթին կա բուսաբուծության ոլորտում:

Առաջիկա ամիսներիննախատեսվում է մեկնարկելապահովագրության պիլոտային ծրագիր՝ 10 մշակաբույսի ու 5 ռիսկի պարագայում:

«Մշակաբույսերն են՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, լոլիկ, ծիրան, խնձոր, խաղող, դեղձ կաղամբ, պղպեղ: Ռիսկերն են՝ կարկտահարություն, ցրտահարություն, ջրածածկում, երաշտ, հողմ»,-հայտնել է Ծպնեցյանը:

Դեռևս քննարկումներն ընթանում են, ըստ նախնական տվյալների, պիլոտային ծրագիրը կիրականացվի Արարատյան դաշտավայրում: Նախատեսվում է, որ այն որոշակի չափով կսուբսիդավորվի պետության կողմից:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանընշել է, որ ոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել:

«Ապահովագրությունը կիրականացվի այն ժամանակ, երբ մենք կունենանք գյուղմթերքի երաշխավորված անվտանգ մշակություն: Իսկ դա կապված է հակակարկտային ծառայության աշխատանքի արդյունավետության հետ»,-պարզաբանել է միավորման նախագահը:

Բերբերյանը համարում է, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, աշխարհի զարգացած պետությունները վաղուց անցել են մշակաբույսերի ու այգիների ցանցապատման մեթոդին, ինչն ապահովում է մոտ 100 տոկոս պաշտպանություն:

«Մենք գործ ունենք ցածր էֆեկտիվության սարքերի հետ: Կա նախագահի հստակ հանձնարարական, անցնել ցանցապատման, ինչը չի արվում»,-ասել է Բերբերյանը:

Նրա խոսքով, ցանցապատման ծախսերի մասին ներկայացված աստղաբաշխական թվերն իրականությանը չեն համապատասխանում: Բերբերյանը հաշվարկել է, 1 հա տարածքը ցանցապետելու համար անհրաժեշտ է 2 հազար դոլարին համարժեք դրամ, ցանցը կարելի է օգտագործել 15 տարի:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն իր հերթին ընդգծել է, որ տնտեսության ամենառիսկային ոլորտի ապահովագրության իրականացումը շատ կարևոր է, համակարգի ներդրման գործում պետք է պետությունը սուբսիդավորում իրականացնի:

«Եթե լինի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի ապահովագրություն, ապա համոզված եմ, որ գյուղացիները պատրաստ կլինեն ավելի բարձր տոկսադրույքով վարկեր վերցնել, որպեսզի դրա մի մասն ուղղվի որպես ապահովագրական վճար»,-նշել է տնտեսագետը:

Առաքելյանը նկատել է, որ եթե մոդելը ներդրվի նաև գյուղոլորտում, բանկերը, հաշվի առնելով ցածր ռիսկայնությունը, կիջեցնեն տոկոսադրույքները:

Ինչ վերաբերում է պետության մասնակցությանը, Առաքելյանն առաջարկում է վարկերը սուբսիդավորելու փոխարեն միջոցներն ուղղել ապահովագրության համակարգի կայացմանը:

Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20:30-21:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները, հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղիղ քամին և կարկուտը էական վնասներ են պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:

Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում հուլիսի լույս 11-ի գիշերը` ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---