13 հուլիսի 2016 - 10:22 AMT
Թերեզա Մեյը ստանձնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: Նա կդառնա երկրորդ կին վարչապետը Մարգարեթ Թեթչերից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեյը, որը հենց սկզբից պահպանողականների առաջնորդի և վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդն էր, միակ թեկնածուն մնաց, երբ հուլիսի 11-ին նրա մրցակիցները կամ հանեցին իրենց թեկնածությունները, կամ դուրս մնացին ներկուսակցական քվեարկությունների ժամանակ: Նույն օրը, ինչպես ակնկալվում էր, նրան պաշտոնապես հաստատեց կուսակցության ղեկավար կոմիտեն:

Արտահերթ ընտրությունները պայմանավորված էին գործող վարչապետ և կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնի պաշտոնանկությամբ, որը հուլիսի 13-ին հեռանում է երկու պաշտոնից: Նա որոշեց հրաժարական տալ, երբ բրիտանացիների մեծ մասը հունիսի 23-ի հանրաքվեում քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կին է ստանձնում վերջին 26 տարում առաջին անգամ:

Մինչ օրս Բրիտանիայի միակ կին վարչապետը հայտնի «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերն է եղել: Տարին հոբելյանական է Մեյի համար, հոկտեմբերի 1-ին նա կդառնա 60 տարեկան: