14 հուլիսի 2016 - 10:13 AMT
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Հանս Լամպալզերը (Ավստրիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց:

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ: