14 հուլիսի 2016 - 12:06 AMT
ԼՂ պատգամավոր Բալասանյանն իր դեմ մահափորձ կատարածներին ներելու խնդրանքով դիմել է նախագահին

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Բաց նամակում մասնավորապես գրված է.

«2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):

Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին»:

Բալասանյանը նաև գրել է. «Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը»:

Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, վրեժի շարժառիթով, պայթուցիկ սարքի օգտագործմամբ Վիտալի Բալասանյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի սկզբներից մինչև կեսերն ընկած ժամանակահատվածում Արա Ավետյանը Սերգեյ Հարությունյանից ապօրինի կերպով անհատույց ձեռք է բերել վերջինիս կողմից նախապես խոստացված պայթուցիկ նյութ` տրոտիլային պայթաղյուսներ, մեկ հատ էլեկտրադետոնատոր, ինչպես նաև հեռախոսահամար և մինչև դեկտեմբերի վերջը Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում տեղակայված` իրեն պատկանող «Վան» ՍՊ ընկերության արտադրամասում, Սերգեյ Հարությունյանից նախկինում տրված խորհուրդներով ու ցուցումներով ապօրինի կերպով պատրաստել է բջջային հեռախոսազանգի միջոցով հեռակառավարման եղանակով գործող ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ապօրինի կերպով Սերգեյ Հարությունյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 20 UU 166 պետհամարանիշի ավտոմեքենայով, վերջինիս վարմամբ, իր հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով ապօրինի կերպով փոխադրել է Ստեփանակերտ քաղաքում Վիտալի Բալասանյանի կողմից շահագործվող «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ:

Այնուհետև պայթուցիկ սարքին նախապես ամրացված մագնիսով այն տեղադրել է ավտոմեքենայի առջևի աջ անվաթևի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով, Ստեփանակերտ - Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնելու եղանակով, դիտավորությամբ կյանքից զրկել Վիտալի Բալասանյանին:

Իր կամքից անկախ հանգամանքներով, սակայն, հանցանքն ավարտին չի հասցվել` Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի 7-րդ հասցեում տեղակայված «Ավտոսերվիս» ՍՊ ընկերության տարածքում Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանևրելու ընթացքում պայթուցիկ սարքը ընկնելու հետևանքով: