14 հուլիսի 2016 - 13:43 AMT
Երևանի փողոցներից հանվում են կայանմանը խանգարող պատնեշները

Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով մոտ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում` անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով:

Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ դրանք տեղադրող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:

Այս գործընթացին զուգահեռ՝ խիստ վերահսկողություն է իրականացվում չսահմանված վայրերում մեքենաների կայանման և ավտոկայանատեղերում քաղաքացիներից ապօրինի դրամահավաքի դեպքերը բացայտելու և վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Գործընթացը շարունակական է լինելու:

2013-ի հուլիսից մայրաքաղաքում գործում են միակ թույլատրված վճարովի ավտոկայանատեղիները՝ «Կարմիր գծերը»: