6 ապրիլի 2007 - 16:29 AMT
Իրանի եւ Արեւմուտքի հակամարտությունը կարտացոլվի ողջ աշխարհի վրա, եւ ոչ միայն Հարավային Կովկասի
Այնպիսի մասշտաբի հակամարտությունը, ինչպես Իրանի եւ Արեւմուտքի միջեւ է` միջուկային ծրագրի վերաբերյալ, կարտացոլվի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի վրա: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտ» ռուսական թերթի տնտեսա-քաղաքական բաժնի ղեկավար, քաղաքագետ Ազեր Մուրսալիեւը: Նրա խոսքերով, այժմ անհնարին է մանրակրկիտ ձեւով կանխագուշակել, թե ինչպես եւ ինչ չափով հակամարտությունը կազդի տարածաշրջանի վրա: «Դեռ հայտնի չէ` ինչպիսին կլինի հակամարտությունը, ինչպես է կատարվելու ներխուժումը, արդյոք միայն օդային հարվածներ են լինելու, թե ցամաքային: Այսինքն` ամեն բան կախված է հակամարտության բնույթից»,- ասել է նա: Ա. Մուրսալիեւը հավելել է, որ ռուսական մամուլում տեղեկատվություն կա Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ հարվածների մասին, սակայն դա «ներԱՊՀական» տեղեկատվություն է: «Ես չեմ կարծում, որ Իրանի տեսանկյունից դա հնարավոր է, եւ դա Իրանին չի օգնի: Առավել հավանական է Իրանի կողմից Օրմուդի նեղուցի փակումը. դրա համար բավական է խորտակել երկու տանկեր կամ բեռնանավ եւ վերջ: Նաեւ անիմաստ է ապստամբության կազմակերպումը ամերիկացիների թիկունքում, այսինքն` Իրաքում: Քանի որ ԱՄՆ-ի իրական ռազմական ուժերը, որոնք կարող են մասնակցել Իրանի դեմ` ռազմա-ծովային նավատորմն է: Ապստամբությունն Իրաքում չի օգնի Իրանին»,- ասել է նա:

Իսկ եթե, շարունակել է Ա. Մուրսակիեւը, ամերիկյան ռազմական գործողության արդյունքում Իրանում վարչակարգը փոխվի, ապա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նման նախագծերի կարեւորությունն ու Ադրբեջանի ու Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կտրուկ կնվազեն: «Այսօր Ադրբեջանն ու Վրաստանը դիտարկվում են որպես Ռուսաստանից եւ Իրանից համամետաբար ազատ միակ նեղ միջանցք` տանող դեպի Կասպից ծոց: Իսկ եթե Իրանի իշխանության փոփոխության արդյունքում Իրանն այլեւս չլինի հակաամերիկյան երկիր, ապա այնտեղ արդեն հսկայական դարպասներ են, եւ ոչ ոք այդ միջանցքի կարիքը չի զգա»,- գտնում է փորձագետը: