ԱՄՆ-ն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գաղտնի նյութեր է հրապարակել

ԱՄՆ-ն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գաղտնի նյութեր է հրապարակել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը գաղտնազերծել է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչության մասին զեկույցի մինչ օրս գաղտնի գլուխը`ահաբեկիչների և Սաուդյան Արաբիայի իշխանությունների ներկայացուցիչների միջև հնարավոր կապի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ըստ Associated Press-ի, փաստաթղթում նշված են մարդկանց անունները, որոնք կապված էին ահաբեկիչների հետ: Նրանք օգնել են հանցագործներին կացարան գտնել, բանկային հաշիվներ բացել, ինքնաթիռ վարելու հմտություններ ձեռք բերել: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ 19 ահաբեկիչներից 15-ը սաուդացիներ են եղել:

Զեկույցի վերջին գլուխը 29 էջից է բաղկացած, որից 28-ը նյութերն են, իսկ 29-րդ էջը` ԿՀՎ այն ժամանակվա տնօրեն Ջորջ Թենեթի նամակն է: Ընդհանուր առմամբ, զեկույցն ավելի քան 800 էջ ունի և հրապարակվել է 2003-ին:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդդալահ ալ Սաուդը հայտարարել էր, որ Էր Ռիադը ողջունում է գաղտնի գլխի հրապարակումը: Ըստ նրա, փաստաթուղթը հաստատում է, որ «ոչ կառավարությունը, ոչ բարձրաստիճան պաշտոնյաները, ոչ Սաուդյան Արաբիայի անունից գործող անձինք մեղսակից չեն ահաբեկչություններին»:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթն, իր հերթին, հայտարարել է, որ հրապարակված գլխում սեպտեմբերի 11-ին Էր Ռիադի մեղսակցության ապացույցներ չկան:

2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քայիդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռ, որոնցից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---