16 հուլիսի 2016 - 13:14 AMT
Խոշտանգված հայ զինվորներից 7-ի դատաբժշկանան փորձաքննության եզրակացությունները հայտնի են

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողի դիակները, որոնց արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր»։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ։

Առայժմ ստացվել են թվով 7 զինծառայողի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնցով փաստվում են հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները։

Թիվ 0411/20 եզրակացությամբ փաստվել է, որ 30-ամյա հայ մայորը գլխատվել է կենդանության օրոք: Կենդանության օրոք են նաև մասնահատվել մայորի զույգ դաստակները։

Դիակի դիահերձմանը, քննիչի գրավոր թույլտվությամբ, ներկա են գտնվել նաև մայորի հայրը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դատաբժշկական տարածաշրջանային համակարգողը։

Ըստ թիվ 034/1 եզրակացության՝ շարքային զինծառայողի մահը վրա է հասել հեմոռագիկ, տրավմատիկ շոկից և գլխուղեղի արյունազեղումներից, որոնք հետևանք են մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունային-բեկորային, հրազենային վիրավորումների։ Գլխի անջատումը մարմնից իրականացվել է տուժողի մահից հետո։

Թիվ 02 եզրակացության համաձայն՝ պայմանագրային 68-ամյա զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքներից։ Գլխի պարանոցի ստորին երրորդի մակարդակով տրավմատիկ գլխատումը իրականացվել է տուժողի մահից հետո։

20-ամյա կրտսեր սերժանտի ձախ ականջախեցու՝ հիմքից և աջ ականջախեցու մասնակի, մայորի, ավագ լեյտենանտի և փոխգնդապետի զույգ ականջախեցիները հատվել են հետմահու:

Ապրիլին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ ՄԻՊ-ը Բաքվի հանցագործությունները ներկայացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին: