7 ապրիլի 2007 - 16:04 AMT
Կոսովոյի խորհրդարանն ընդունել է Մարտի Ախտիսաարիի ծրագիրը
Կոսովոյի խորհրդարանն ընունել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որը վերաբերում է տարածաշրջանի կարգավիճակին Սերբիայի եւ իրենց պետությունն ստեղծելու համար պայքարող Կոսովոյի ալբանցիների հակամարտության կարգավորման շրջանակներում: Կոսովոյի խորհրդարանն աջակցություն է հայտնել կարգավորման ծրագրին: Ընդունված բանաձեւում Ախտիսաարիի ծրագիրը համարվում է «օրինավոր եւ հավասարակշռված որոշում, որը համապատասխանում է Կոսովոյի ժողովրդի կամքին»: Պատգամավորները հայտարարել են «Կոսովոյում միջազգային քաղաքացիական եւ ռազմական ներկայության աջակցության» մասին եւ պարտավորվել են «համագործակցել եւ ամեն կերպ աջակցել այդ ներկայությանը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն ընդգծել է, որ Սերբիան չի ընդունի Կոսովոյի եւ Մետոխիայի անկախությունը եւ պայքարելու է իր ինքնավարության եւ երկրի տարածքային ամբողջականության համար` բոլոր իրավական միջոցներով: «Աշխարհի որեւէ պետություն չի համաձայնվի, որ նրա տարածքի մի մասը անջատեն առանց իր համաձայնության, քանի որ դա ինքիշխանության եւ երկրի տարածքային ամբոջականության հարց է»,- ասել է Սերբիայի ղեկավարը:

Կոսովոյի հարցի կարգավորման Ախտիսաարիի ծրագիրը ենթադրում է ինքնավար մարզին ընդարձակ անկախության տարրեր տալ եւ փաստորեն բացառում է Բելգրադի ազդեցությունը նրա ներքին կյանքի վրա: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է որոշակի վերահսկողություն Կոսովոյի նկատմամբ միջաքզգային, առաջին հերթին, եվրոպական կազմակերպությունների կողմից: