11 ապրիլի 2007 - 14:13 AMT
Նոբելյան մրցանակակիրների կոչը. ANCA-ն չի հավատում Դեվիդ Ֆիլիպսի նախաձեռնության անկեղծությանը
«Եթե կա ինչ-որ բան, որ մենք իմացել ենք Դեվիդ Ֆիլիպսի մասին անցած յոթ տարիների ըթացքում, երբ նա TARC-ի` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի վարկաբեկման մասնակից էր, հետազոտություններ էր անցկացնում ICTJ (The International Center for Transitional Justice) շրջանակներում, եւ հաշվի առնելով նրա տարաբնույթ «կերպարանափոխությունները» դա այն է, որ նա ցանկացած միջոցի կդիմի` ազնիվ կամ անազնիվ, կանխելու համար Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով 53 Նոբելյան դափնեկիրների նախաձեռնությունը, որոնք հաշտեցման կոչ են արել Հայաստանին եւ Թուրքիային:

Ինչ վերաբերում է ICTJ-ին` Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին, ապա Ա.Համբարյանը նշել է, որ այդ խումբը սերտորեն կապված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ: «TARC-ը դիմել է ICTJ-ին խնդրելով զեկույց նախապատրաստել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայյն հեղինակի անունը անհայտ է մնում: Զեկույցը նախապատրաստվել էր եւ այնտեղ ասվում էր, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է: Դա նորություն չէ, այդ մասին ողջ աշխարհը գիտի: Զեկույցում ասվում է նաեւ, որ հայերը հայրենադարձության ոչ մի իրավունք ՉՈՒՆԵՆ ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի: Դա ճիշտ չէ: Պարզ է, որ TARC-ի թիկունքում կանգնած մարդիկ ԱՄՆ եւ Թուրքիայի կառավարություններում օգտագործեցին ICTJ- զեկույցը եւ փորձեցին կեղծ տպավորություն ստեղծել, որ հայերը իրավաբանորեն չեն կարող վերականգնել իրենց իրավունքները»,-ասել է Ա.Համբարյանը:

Հիշեցնենք, որ «Էլի Վիզելի հանուն մարդկության» հիմնադրամը հրապարակել էր Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների ստորագրած հաշտեցման կոչն, ուղղված Հայաստանին եւ Թուրքիային: Ակցիայի նախաձեռնողը հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Ֆիլիպսն է, որը նախկինում համակարգում էր հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի` TARC-ի աշխատանքները: