
Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:
Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:
Նշվում է, որ Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:
«Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
«Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է:
«Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը: