Դիտորդ. «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի

Դիտորդ.  «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հուլիսի 29-ի առավոտյան Երևանի Ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի հետ, ունեցել առանձնազրույց: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը:

«Նա մարմնական վնասվածքներ ուներ, դժվարությամբ էր շարժվում: Ձերբակալվածների պահման վայրում հրաժարվել էր շտապօգնությունից: Հնարավոր է՝ կողոսկրերի կոտրվածք ունենա»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Սահակյանը նշել է, որ առանձնազրույցի ընթացքում Հակոբյանը հայտարարել է, որ ինքն ինքնակամ չի հանձնվել, ինչպես հայտարարում է ոստիկանությունը:

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը. «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներԵղիազարյանն ու Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը»:

«Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երբ Պավելին և որդուն վիրավորել էին, գնացել էր վիրավորներին պատգարակով ՊՊԾ գնդի տարածքից դուրս հանի, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց: Անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում յոթ ոստիկան հարձակվել են իր վրա, ծեծել ՊՊԾ տարածքում, նստեցրել մեքենան, տարել Ազգային անվտանգության շենք: Այդ ամբողջ ընթացքում ու մինչև շենքի 3-րդ հարկ բարձրացնելն իրեն ծեծել են»,- Հակոբյանի պատմածը ներկայացրել է Սահակյանը:

Նա ասել է, որ իրենց դուրս գալուց հետո Արամ Հակոբյանին այցելելու էին փաստաբանն ու դատաբժիշկը՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---