ՄԻՊ. Երևանում իրադարձություններն ուղղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով

ՄԻՊ.  Երևանում  իրադարձություններն ուղղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ՄԻՊ-ի տեսանկյունից ներկայացրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երեբունու ՊՊԾ գնդի տարածքը զավթելու շուրջ իրավիճակը:

Հայտարարությունում ասվում է.

1. Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երևանում ծավալվող իրադարձություններն ուղղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվեց Ոստիկանության ծառայող և եղան վիրավորներ:

2. Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի և բռնության քարոզչության աննախադեպ բռնկում:

3. Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության և անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաև հրապարակումներ խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ:

4. Ատելության խոսքի և բռնության քարոզչության, ինչպես նաև Ոստիկանության թույլ տված խախտումների հետևանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնության դեպքերի ավելացմանը և մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:

5. Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսևորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները և այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար: Այս մասին են վկայում նաև հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:

6. Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից:

7. Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համար ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը հատկապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձր առաքելությունը: Մտահոգիչ է նաև այն, որ խմբի անդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումը խմբի վիրավոր անդամներին:

8. Հուլիսի 27-ին տեղեկություններ տարածվեցին նաև այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ և հնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:

9. Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ է այն, որ հասարակության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնության կոչերը և նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորեն անտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր և ընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունից անթույլատրելի այս վիճակին ավելանում է նաև այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երևույթներ (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում և հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):

10. Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև խախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը և առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր: Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ամբողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելով իրավունքի գերակայության վրա:

Թաթոյանը նշում է, թե ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները և հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: «Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում և վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում», - ասել է ՄԻՊ-ը:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև՝ Դիտորդ. «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված անդամ Հակոբյանը մարմնական վնասվածքներ ունի

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---