Բժիշկները պատանդ են արդեն 52 ժամ, ԱՆ-ն 3-րդ անգամ կոչ է անում ազատել նրանց

Բժիշկները պատանդ են արդեն 52 ժամ, ԱՆ-ն 3-րդ անգամ կոչ է անում ազատել նրանց

PanARMENIAN.Net - Արդեն 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«նրանց ազատ արձակելու բազում կոչերին միացան նաև Երևանի մի շարք բժշկական կազմակերպությունների բժիշկներն ու բուժքույրերը` շեշտը դնելով հատկապես իրենց գործընկերուհու` բուժքույր Մալինա Մարգարյանին ազատելուն։

Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են կնոջը, այն էլ բուժքրոջ, ով, եթե չասենք իր առաքելությամբ, ապա գոնե մասնագիտության և աշխատանքի բերումով մշտապես աջակցություն ու բժշկական օգնություն է ցուցաբերել դրա անհրաժեշտությունն ունեցողներին», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունը ևս մեկ անգամ դատապարտում է զինյալ խմբի կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելու ամբողջ աշխարհում անընդունելի համարվող քայլը, կոչ է անում հային վայել մոտեցում ցուցաբերել և առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը։ Միաժամանակ, հորդորում ենք սառը տրամաբանությամբ ընդունել առանց որևէ նախապայմանի բոլոր բուժաշխատողներին ազատ արձակելու բազում հորդորները, կոչերն ու պահանջները։

«Ամբողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներով չընկալվող այս գործողությունը բնավ պատիվ չի բերում ոչ ձեր արժանապատվությանը և ոչ էլ ձեր կողմից ներկայացվող գաղափարներին»։

Հուլիսի 27-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել էր գնդի տարածք մտած բժիշկներին: Պատանդ էին վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: Նույն օրն ավելի ուշ խումբն ազատել էր բուժակ Դավիթ Տոնոյանին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---