Բաղրամյանի երթևեկությունը վերականգնվեց. Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ (Թարմացվող)

Բաղրամյանի երթևեկությունը վերականգնվեց. Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ  (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի մոտ 18:00-ին Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Ավելի ուշ հայտնի է դարձել ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեփանոսյանի զոհվելու մասին: Ազատության հրապարակում գունդը գրաված խմբի աջակիցները հերթական ցույցն են անցկացնում: PanARMENIAN.Net ը հետևում է իրադարձությունների զարգացմանը:

00:36 Ոստիկանության առաջին իսկ զգուշացումից հետո ցուցարարները համաձայնեցին հեռանալ Բաղրամյանից՝ վերադառնալով Ազատության հրապարակ: Մոտ երկու ժամ փակ մնացած Բաղրամյանի երթևեկությունը վերականգնվեց:

00:18 Ոստիկանությունը պահանջում է ազատել Բաղրամյան պողոտան ու վերադառնալ Ազատության հրապարակ:

23:26 Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց օգնության համար եկած ոստիկանական մեքենա նստել՝ ինքնուրույն ոտքի կանգնելով: Նա հեռացավ Բաղրամյան պողոտայի այն մասից, որտեղ ցուցարարներ են կուտակված: Շտապօգնության մեքենան այդպես էլ չժամանեց: Քաղաքացուն հավաքի մասնակեցներն օգնեցին տաքսի նստել՝ հիվանդանոց տեղափոխելու համար:

23:20 Ցուցարարներից մեկը Բաղրամյանում ինքնահրկիզման փորձ կատարեց՝ ի նշան բողոքի, բայց կրակը հաջողվեց մարել. նա այժմ այրվածքներ ունի:

22:08 Ցուցարարների մի մասը նստացույց է սկսել:

22:45 Ոստիկանները փշալարով փակել են Բաղրամյան պողոտան:

22:34 Հասնելով Ֆրանսիայի հրապարակ, ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա: Նրանց մի մասը փակել է ոստիկանական ավտոբուսի երթը` թույլ չտալով ուժայիններին պողոտա բարձրանալ: Այնուամենայնիվ, պողոտայում մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված:

22:12 Ցուցարարները երթով շարժվում են Սայաթ-Նովա փողոցով:

21:47 Հանրապետության հրապարակ հասնելուց հետո ցուցարարները սկսել են քննարկել մերձակա փողոցները փակելու հնարավորությունը:

21:25 Ցուցարարները երթով շարժվել են Ազատության հրապարակից: Նրանք գնում են դեպի Հանրապետության հրապարակ:

21:14 Հարթակից հայտարարում են Հանրապետության հրապարակն ու Մաշտոցի պողոտան փակելու պլանների մասին:

20:58 Ազատության հրապարակում բազմամարդ ցույց է ընթանում: Ցուցարարները որոշում են հետագա անելիքները:

20:38 ՊՊԾ գնդի մերձկայքում ուժեղ պայթյուններ են եղել. տարածքը ժամանակավորապես հոսանքազրկվել է, այնուհետև` վերականգնվել: Տարածքում երբեմն կրակոցներ են հնչում:

18:49 Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը:

18:25 Տարածք կրկին ոստիկանական ուժեր են ժամանել:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ժամանակ էր տվել «Սասնա ծռեր» խմբին հանձնվելու համար մինչև 17:00-ն: Ոստիկանությունը, իր հերթին, հայտարարել է, որ որևէ հավաք Խորենացի փողոցում թույլ չի տա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---