31 հուլիսի 2016 - 15:48 AMT
Պավել Մանուկյանը կալանավորվել է. Մեղքը չի ընդունում

Դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

Մանուկյանին դատարան էին բերել «Էրեբունի» հիվանդանոցից, պատգարակով:

Դատարանում Պավել Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղքը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի այս որոշումն ապօրինի է համարում:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Նրանք հուլիսի 26-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հայր և որդի Մանուկյանները հրազենային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում:

Հուլիսի 30-ին հայտնի է դարձել, որ Մանուկյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին լրագրողներին հայտնել է«Էրեբունի» Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: «Նրա գիտակցությունը տեղն է»,-ասել է բժիշկը: