Ադրբեջանում 6-7 բալանոց երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում և ՀՀ-ում 2-4 բալով

Ադրբեջանում 6-7 բալանոց երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում և ՀՀ-ում 2-4 բալով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 48.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ և ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

2015-ի սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:49-ին, ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն Ադրբեջանում օջախի 30 կմ խորությամբ և 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ՝ Շեքի քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Զոհեր չեն եղել:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ Երևանում (3-4 բալ), Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ):

Հուլիսի 12-ին՝ ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---