16 ապրիլի 2007 - 14:50 AMT
Հարյուր հազարավոր թուրքեր բողոքում են նախագահի պաշտոնի համար Էրդողանի թեկնածության առաջադրման դեմ
Շաբաթ օրը հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ցույցի` ի պաշտպանություն աշխարհիկ պետության եւ կրոնի անջատման երկրի քաղաքականությունից: Ըստ որոշ հաղորդագրությունների, Անկարայում հավաքվել էին շուրջ 150 հազար մարդ: Տասնյակ հազարավոր մարդիկ Անկարա էին եկել ավտոբուսներով: Ակցիան տեղի ունեցավ երկրում նախընտրական արշավի մեկնարկից երկու օր առաջ: Ցույցի կազմակերպիչները հուսով են, որ այդպիսով կկարողանան համոզել ներկայիս վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանին չմասնակցել նախագահական ընտրություններին: Նրա հակառակորդները մեղադրում են նրան պետական մակարդակով իսլամի լոբբինգի համար, սակայն վարչապետն այդ մեղադրանքները հերքում է: Թուրքիայի վարչապետը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ:
Ցուցարարները ակցիան սկսել են Քեմալ Աթաթուրքի` Թուրքիայի հանրապետության որպես աշխարհիկ պետության հիմնադրի դամբարանի մոտ: Ցուցարարները կրում էին թուրքական դրշոներ եւ վանկարկում էին` «Թուրքիան միշտ եղել է եւ կլինի աշխարհիկ պետություն»:
Թուրքիայի քաղաքական շրջանակներում գնալով ավելի հաճախ են խոսում այն մասին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը գլխավորում է Էրդողանը, հավանաբար կհայտարարի նրան իր թեկնածուն կայանալիք նախագահական ընտրություններում: Եթե Էրդողանը համաձայնվի առաջադրել իր թեկնածությունը, ապա խորհրդարանը գրեթե անկասկած կընտրի նրան, քանի որ մեծամասնությունը այդ կուսակցությանն է պատկանում: Չնայած բողոքողների մեծ քանակին, աշխարհիկ հասարակությունը, այդ թվում նաեւ բանակը, ոչ մի հնարավորություն չունի կանխելու Էրդողանի հաղթանակը: Ապրիլի 13-ին նախագահ Սեզերը զգուշացրել է, որ իսլամական ծայրահեղականությունն այժմ սպառնում է Թուրքիային ավելի, քան երբեք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: