Ռուստամյան. Զինյալների հանդեպ հաշվեհարդար չպիտի լինի, բայց որոշ հանցագործություններ անհերքելի են

Ռուստամյան. Զինյալների հանդեպ հաշվեհարդար չպիտի լինի, բայց որոշ հանցագործություններ անհերքելի են

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Նա մասնավորապես ասել է.

«Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու և արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաև 2 կողմերի ողջախոհության արդյունք, որովհետև այն, ինչ իշխանությունները համբերատարությամբ արեցին հետևելով գործընթացին, նույնպես նպաստեց դրան:

Նաև այն, որ զինված խմբի անդամները, իսկապես հասկանալով և լինելով իրենց երկրի հայրենասերը, և ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան ավելին չարժե, քան այն, որ կանխվեն նոր զոհաբերությունները և նոր արյունահեղությունը: Սա իսկապես գնահատելի է, և այս իրավիճակոում»:

Ռուստամյանը շեշտել է, որ որևէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ:

«Մենք պետք է հետևենք, և հասարակությունն էլ դա պետք է անի, որ իսկապես օրինական և ամենամեղմ տրամաբանությամբ մեղադրանքները, որ ներկայացվելու են կապված որոշակի հանցագործությունների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թույլ են տալիս, նաև օրենսդրությունն է թույլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերվեն կատարվածին:

Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի հուսահատ քայլի, հասարակության մեջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պետք է օր առաջ վերացնել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհությունները պակասեն և վերանան»:

Նրա կարծիքով, դրա համար մտածված քայլեր են անհրաժեշտ:

«Ընդունելով այս դժգոհությունը վերացնելու բոլոր մոտեցումներն ու հնարավորությունները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապես հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, և սա հիմնական դասն է, որ պետք է քաղեն բոլորը՝ ե′ւ իշխանությունները, և հասարակությունը, և քաղաքական ուժերը: Կուտակված խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ և ամբողջ աշխարհում հայտնի ձևերն ու մեթոդներն են, որոնցով պետք է թե′ ժողովրդավարություն հաստատվի, թե′ իրավական պետություն ամրագրվի, թե′ մարդու իրավունքները պաշտպանվեն, որ այս դժգոհությունն ու բողոքը, որոնք օբեկտիվորեն ժողովրդի և հասարակության մեջ առկա են, տեսնենք, որ վերանում են:

Սակայն դրա համար պետք է տքնաջան աշխատանք, գիտակցված մոտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պետք է լծվեն: Սա իսկապես մեզ բոլորիս պետք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրավունքները և մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից», - եզրափակել է Ռուստամյանը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---