ՄԻՊ. Պավել և Արամ Մանուկյանները վերաբերմունքի առնչությամբ չեն բողոքել

ՄԻՊ. Պավել և Արամ Մանուկյանները վերաբերմունքի առնչությամբ չեն բողոքել

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 2-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին։ Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Նշվում է, որ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը բողոքներ չեն ներկայացրել։ Տեղեկացվում է նաև, որ շարունակվում է Պաշտպանի ներկայացուցիչների այցերը Ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայրեր՝ տեսակցելու խմբի մյուս անդամներին։

«Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին, Ոստիկանության նախնական տվյալներով ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 30-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել այնտեղ բուժում ստացող՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին:

Հուլիսի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։

«Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում էական բարելավում կա. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ», - ասված էր ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվել է նաև, որ առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---