16 ապրիլի 2007 - 19:26 AMT
EIU. Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կարող է մշակվել մինչեւ 2008 թվականը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը կարող է մշակվել մինչեւ Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրությունները: Նման կարծիք են հայտնել բրիտանական Economist Intelligence Unit կենտրոնի փորձագետները, որոնք ուսումնասիրել են Հայաստանի քաղաքական իրավիճակը: Ըստ բրիտանացի հետազոտողների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցող դիվանագետները կարող են մշակել Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եւ մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Միեւնույն ժամանակ փորձագետները գտնում են, որ, հաշվի առնելով Ղարաբաղում խաղաղության հասնելու շանսերը, Վաշինգտոնը «կարող է չխոչնդոտել Քոչարյանի վարչակազմին»: Նրանք նաեւ համոզվածություն են հայտնել, որ «նույնիսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ստացվող այդչափ կարեւոր ֆինանսական հոսքերից զրկվելու եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությունից դուրս մնալու հնարավորությունը չեն ստիպի Հայաստանի իշխանություններին անցկացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ըստ արեւմտյան չափանիշների»: Բրիտանացի փորձագետները հիշեցնում են, որ «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն արդեն զգուշացրել են պաշտոնական Երեւանին, որ զեղծարարության դեպքերը խորհրդարանական ընտրություններում բացասական հետեւանքներ կունենան», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: