3 օգոստոսի 2016 - 11:15 AMT
«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած քաղաքացուն նույնպես պատանդ վերցնելու մեջ են մեղադրում

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նա կալանավորվել է:

«Աբսուրդ է, բոլորն էլ գիտեն, թե այդ տղան որ օրն է գնացել, ինչ նպատակով: Նպատակը եղել է միայն սնունդ տանելն ու մարդկանց հասցնելը: Արտատպել էին նույն մեղադրանքը»,- ասել է Պետրոսյանը, գրում է Panorama.am-ը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, երկու ժամ, չորս պաշտպանով, դատավորով, քննիչով չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է նա հուլիսի 17-ին մտել ՊՊԾ գունդ, այնուհետև հուլիսի 26-ին հաց տարել, այսինքն երկու մասո՞վ է մտել, թե՞ ոչ:

«Իրեն մեղադրում են զինված խմբի հետ գունդ մտնելու, պատանդ պահելու համար: Նա ունի հիվանդություններ, 5-6 մետրից ավելի չի կարող քայլել: Այդ ձևի մարդը պատանդներ է պահե՞լ»,- ասել է փաստաբանը:

«Շտապօգնության» 4 բժիշկ, պաշտոնական վարկածով, պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին:

Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը կալանավորվել է