3 օգոստոսի 2016 - 12:28 AMT
«Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամներին կալանավորել են

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Այս մասին հայտնել է «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը, գրում է Tert.am-ը:

«Սասնա ծռերից» մեծ մասին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել), նույն մեղադրանքն է առաջադրվել նաև խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին:

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին և որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով (զինված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: