3 օգոստոսի 2016 - 12:46 AMT
Համայնքապետ. Գյումրիի ռազմաբազայից զինվոր էր փախել

Գյումրիում օգոստոսի 3-ի վաղ առավոտյան տեղեկություններ էին շրջանառվում, որ ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել: Զինծառայողին, որը եղել է ժամկետային ծառայության մեջ, նկատել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում՝ բնակիչներն արդեն նրան սահմանապահ զորքերին են հանձնել:

«Մեր գյուղացիները 3 հոգով բռնել-տարել են Գյումրի, հանձնել սահմանապահ զորքերին», - «Ասպարեզ»-ին տեղեկացերլ է Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանը:

«Առավոտ 5-ի կողմերը զինվորական շորերով մարդ տեսա: Մենք մեքենայով գնում էինք, կանգնանք, իջանք, որ պարզեինք, թե ով է: Խոսալու ընթացքում պարզվեց, որ ուզում է մեր գյուղով Թուրքիայի սահմանն անցնի: Ասաց, որ ինչ-որ վեճ է եղել՝ 3-4 օր է ներքին խնդիրներ ունի զորամասում: Մոտը զենք չկար, կողմնացույց ուներ, դիմակ եւ վեշ-մեշոկ», - ասել է Ոսկեհասկի բնակիչ Կամո Մնացյանը:

Օգոստոսի վերջին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից նորից զինծառայող էր փախուստի դիմել, նախնական տեղեկություններով` նրան փնտրել եւ գտել էին Երեւանի կենտրոնում, վերջինիս մոտ զենք չէր հայտնաբերվել: