«Սասնա ծռերին» այցելելու վրա արգելք կա. Պատգամավորներին մերժում են

«Սասնա ծռերին» այցելելու  վրա արգելք կա.  Պատգամավորներին մերժում են

PanARMENIAN.Net - ԱԺ ԲՀԿ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ օգոստոսի 3-ին այցելել են ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին, սակայն մերժում ստացել:

«Քիչ առաջ իմ գործընկեր Լ.Խաչատրյանի հետ այցելեցինք ՀՀ ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին: Հանդիպեցինք ՔԿՀ-ի պետին, ով տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանց վրա նախաքննող մարմնի կողմից արգելանք է կիրառվել: Դա նշանակում է, որ նրանց արգելվում է զանգեր կատարել, տեսակցել ազգականներին, հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչներին և այլ անձանց», - գրել է Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Սակայն, հարկ եմ համարում հրապարակել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետն ասում է` պատգամավորն անարգել իրավունք ունի կալանավայրեր մուտք և ելք կատարելու: Էական խնդիր է, երբ պատգամավորին արգելում են տեսակցել կալանավորվածներին: Մենք հետամուտ ենք լինելու և օրենսդրությամբ նախատեսված կարգով համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու», - հավելել է Էնֆիաջյանը:

Ավելի վաղ «Սասնա ծռերին» չի հաջողվել տեսակցել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, թե «Փաշինյանը ցանկություն է հայտնել տեսակցել կալանավորված անձանց հետ, որոնց տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջինիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամներին կալանավորել են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---